2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացված ArmRockFest մրցույթ-փառատոնի հաղթողներն արդեն հայտնի են: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը ներկյացնող Hayard խումբը, երկրորդ տեղը` Վրաստանի ներկայացուցիչ Scratch The Floor խումբը, իսկ երրորդ տեղը` հայկական Metaphor խումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ArmRockFest միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը նշեց, որ փառատոնը բավական մեծ արձագանք է ունեցել: «Մենք փառատոնից մեր ակնկալածից ավելին ստացանք»,-ասաց նա:
Մայիսի 16-17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացած Arm Rock Fest միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են 12 նորահայտ խմբեր, 8-ը` Հայաստանից, 4-ը` Վրաստանից և Իրանից: Մրցույթի առաջին օրը մասնակիցները ներկայացրին համաշխարհային հիթեր, երկրորդ օրը` հեղինակային գործեր, որոնք պարունակում էին ազգային երաժշտության բաղադրիչներ:
Փառատոնի կազմակերպիչներն էին երգչուհի Վարդուհի Դավթյանը, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, ժյուրիի անդամները՝ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, Սուրեն Թադևոսյանը, The Beautified Project խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը, «Նաիրի» ռոք խմբի երգիչ Այդին Դավուդին: