Սեյրան Օհանյանը հաստատակամ է Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպը բացահայտելու հարցում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատակամ է Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում: Նա շարունակում է Սեւան-Երեւան ճանապարհին զրուցել զոհված Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ: «Քրեական գործը հասցնելու ենք մինչև վերջ: Ծնողների ներկայությամբ խոսք եմ տալիս ձեզ գործընթացն ավարտին հասցնելուց հետո հրավիրել և ցույց տալ` մարդիկ պատժվել են, թե ոչ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նախարար Օհանյանը հավաստիացրել է նաև, որ իր խոսքից հետ չի կանգնելու: Անդրադառնալով միջադեպի պատճառին` Սեյրան Օհանյանը նշել է, որ նախնական տվյալները վկայում են հետևյալի մասին. «Միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով առաջացած վեճի արդյունքում զենք է օգտագործվել և դիտավորյալ սպանություն է եղել»: Դեպքի վայրում են նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:Այսօր՝ մայիսի 5-ին, որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին: