Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-21-ին Մադրիդում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-21-ին Մադրիդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական մամուլի տեղեկագրում:
Հաղորդագրության մեջ ասված Է, որ առաջիկա հանդիպմանը ներկա կլինեն ընդդիմադիր տարբեր շարժումներ, այդ թվում՝ Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան, որին Իսպանիան 2012 թվականի նոյեմբերի 30-ին ճանաչել Է որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Հանդիպումը կազմակերպվել Է Իսպանիայի արտգործնախարարության եւ Զարգացման նպատակով միջազգային համագործակցության իսպանական գործակալության (AECID) աջակցությամբ:
Մայիսի 21-ին նաեւ ծրագրված Է ազդեցիկ քաղաքական գործիչ եւ Ազգային կոալիցիայի նախկին նախագահ Մուազ ալ Խաթիբի հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալյոյի հետ: Ակնկալվում Է, որ հանդիպմանը կքննարկվեն սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջերս միջազգային հանրակցության կողմից գործադրվող ջանքերը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ նախօրյակին Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել Է, որ Ռուսաստանը հանդես Է գալիս Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնելու օգտին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավաստեց իր աջակցությունը Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնելու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությանը…Այժմ շատ կարեւոր Է լուծել կազմակերպչական, նախապատրաստական հարցերը, դրանք քիչ չեն: Հարկավոր Է որոշակիություն մտցնել պատվիրակությունների հարցում, հարկավոր Է որոշել խորհրդաժողովի մասնակիցների շրջանակը: Մենք նախապատվությունը տալիս ենք այն բանին, որ խորհրդաժողովն անցկացվի Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո»,-ասել Է արտգործնախարարը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ժնեւում Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովը, որն անցկացնելու շուրջ պայմանավորվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավանաբար կկայանա հունիսի 10-ից սկսվող շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, թե Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համակարծիք են, որ Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովը պետք է տեղի ունենա Ժնեւում: «Մենք ունենք այն բանի ընդհանուր ըմբռնումը, որ խորհրդաժողովը պետք է կայանա Ժնեւում, որտեղ դրվել են ներկայիս առաջշարժման հիմքերը»,- ասել է նախարարը: «Ինչ վերաբերում է մասնակիցների կազմին, ապա խոսքն առաջին դեմքերի մասին չէ»,- հավելել է նա:
Իշխանությունների եւ հակակառավարական զինված ուժերի հակամարտությունը Սիրիայում չի դադարում 2011 թվականի մարտից ի վեր. այդ ժամանակաընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, այս երկրում զոհվել Է առնվազն 70 հազար մարդ: ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳՎ) հայտնել Է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել Է 1,5 միլիոնը: «Այն փաստը, որ ավելի քան 1,5 մլն մարդ արդեն գրանցվել կամ հանդիպում Է նշանակել ՓԳԳՎ-ի ներկայացուցիչների հետ, ցավոք, խոսում Է այն մասին, որ փախստականների իրական թիվն զգալիորեն ավելի մեծ Է»,-ասված Է ՓԳԳՎ-ի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ փախստականների հոսքն ավելանում Է մարտական գործողությունների ծավալման պատճառով: