Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Անդորրայի, Նորվեգիայի, Նիդերլանդների եւ Կիպրոսի իր գործընկերների հետ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը կայացել է Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ։
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:
Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրել է, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից:
Զրուցակիցները քննարկել են Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։
Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական է որակել այն Հայաստանի համար և հույս հայտնել, որ Եվրախորհրդի հայաստանյան նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը:
Զրույցի ընթացքում արծարծվել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպել է նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ:
Նախարարները գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվել են շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանի և Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարևոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:
ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում նախարարներն անդրադարձել են կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն է հայտնել, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարևոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:
Զրուցակիցները անդրադարձել են հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։
Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրել է երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։