Քաղաքականություն

Կրակովում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ բանակցություններում արձանագրված առաջընթացը

3 րոպեի ընթերցում

Կրակովում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ բանակցություններում արձանագրված առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները, նախանշվել են գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր են փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Ելույթ ունենալով նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, նշել է. «Արևելյան գործընկերությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդման արդյունավետ մեխանիզմ է դարձել, այն փոխել է ԵՄ հետ մեր համագործակցության որակն ու բնույթը։ Մեր փոխգործակցության օրակարգը համապարփակ է. այն ներառում է քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, տնտեսությանը, արդարադատությանը, շարժունակությանը, միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր»:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ ավարտական փուլում գտնվող բանակցությունների արդյունքները:

Եզրափակելով խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում