3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սկսել է գործել սոցիալական ինտերնետ-ցանց վարորդների և փոխադրամիջոցների սեփականատերերի համար` www.4car.am. Այս նախագիծն իրականացնում է «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ընկերությունը` «Մայքրոսոֆտ Հայաստան ինովացիոն կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, համագործակցելով ՀՀ Ոստիկանության հետ, ՀՀ կառավարության աջակցությաքմբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ տեղեկատվական ծառայությունից, տվյալ նախագծի նպատակն է օգնել մեր վարորդներին արագ, վիրտուալ միասնական տարածքում ստանալ իրենց համար կարևոր տեղեկատվություն, որն անհրաժեշտ է վարորդներին պատկանող փոխադրամիջոցների շահագործման հետ կապված խնդիրների կարգավորման համար: Ներկայումս Հայաստանում գրանցված է շուրջ 500 հազար փոխադրամիջոց, և տարբեր բնույթի ծառայությունների հետ կապված զգալի դժվարություններ են առաջանում:
Համագործակցելով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ, «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ն կանոնավոր կերպով տեղեկատվություն է ստանում www.4car.am կայքում գրանցված օգտատերերի մասին և օն-լայն ձևաչափով տուգանքների մասին բոլոր տվյալներն ուղարկում է տվյալ օգտատիրոջը sms-հաղորդագրության տեսքով կամ էլեկտրոնային փոստով: «Դա մենք չափազանց կարևոր ենք համարում»,- նշել է «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ի վեբ-նախագծերի մենեջեր Տիգրան Մաթևոսյանը, հավելելով, որ գրանցվելով կայքում, օգտատերը հնարավորություն է ստանում ժամանակին տեսնել խախտումն արձանագրած ֆոտո- կամ տեսանյութը, ծանոթանալ այն պատժամիջոցի բնույթին ու չափին, որն իր նկատմամբ մտադիր է կիրառել ճանապարհային ոստիկանությունը:
Կարճ ժամանակահատվածում www.4car.am կայքում գրանցվել է արդեն ավելի քան 2000 ավտոմոբիլիստ: Վերջին շաբաթվա ընթացքում «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ն նրանց ծանուցել և ուղարկել է շուրջ 600 էլեկտրոնային ակտ: Գործում է կայքից օգտվողներին աջակցման շուրջօրյա ծառայություն:
Կայքը գործում և թարմացվում է շուրջորյա: Հետագա զարգացման նպատակով «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ն և «Մայքրոսոֆտ Հայաստան ինովացիոն կենտրոն» հիմնադրամը նախատեսում են մշակել բջջային տարբերակ, որը հասանելի կլինի սմարթֆոններ ունեցողներին: