ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելլին (ԱՄՆ) Լեհաստանի Կրակով քաղաքում մայիսի 17-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծմանը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով հասնելու հնարավոր ուղիները:
ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել հակամարտության ներկա իրադրության վերաբերյալ և վերահաստատել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրենց ցանկությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շեշտել են, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վնասել խաղաղ գործընթացին: Նրանք միևնույն ժամանակ արտգործնախարարների հետ քննարկել են այն կառուցողական գործողությունները, որոնք կարող են օգնել հաշտությանը նպաստող վստահության մթնոլորտ ստեղծելուն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ այս ամիս կայցելեն տարածաշրջան` արդեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերը: