Պաշտոնական

ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են հերթական նիստերը

10 րոպեի ընթերցում

ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են հերթական նիստերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ մշտական հանձնաժողովները մայիսի 17-ին գումարել են հերթական նիստերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկել է մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2012-2016թթ. դատական բարեփոխումների ծրագրով: Փոփոխությունները վերաբերում են դատավորների ընտրության գործընթացին: Նախատեսվում է օրենքով սահմանել դատավորների ընտրության կարգն ու չափորոշիչները, ապահովել թափուր տեղի մասին հայտարարության հրապարակումն ու լայնորեն տարածումը, հանրության համար թեկնածուների ցանկի մատչելիությունը: Ակնկալվում է ընտրող մարմնի անկախություն չպետք է իրականացվի անձի անցյալի այլ ստուգում, բացի նախկինում դատվածության վերաբերյալ ստանդարտ ստուգումը: Ըստ արդարադատության նախարարի, առաջարկվող փոփոխությունների արդյունքում կավելանա դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը և հնարավոր կլինի գնահատել հավակնորդի` որպես դատավոր աշխատելու ունակությունն ու արդյունավետությունը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղել են առաջարկներ, որոնց մի մասը նախարարն ընդունելի է համարել: Փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանձնաժողովի գնահատմանն է ներկայացրել իր և պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի մշակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ընտրությունների ավարտից հետո երկու օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում ըստ տեղամասերի` որոնման և ներբեռնման հնարավորությամբ:

Օրինագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկվող փոփոխությունը հակասահմանադրական է. այն խախտում է քաղաքացու ընտրական իրավունքի գաղտնիությունը:

Ապա հանձնաժողովը քննարկել է պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի հստակեցնել օրենսգրքերում առկա անհստակությունները և լրացնել բացթողումները: Այս փաթեթը ևս դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկով հանձնաժողովն այնուհետ քննարկել է «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ Դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի օրենսգրքերի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով հանձնաժողովը քննարկել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վերանվանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Այս օրինագծերի վերաբերյալ ևս հանձնաժողովի եզրակացությունը դրական է եղել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քվեարկությամբ որոշվել է հունիսի 4-ին կազմակերպել «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Այնուհետև հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ: Նրանք ներկայացրել են բյուջեի կատարողականի մասին հաշվետվություն կազմելու և ներկայացնելու վերաբերյալ միջազգային փորձը:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին խնդիրը համակողմանի ուսումնասիրելու համար` նշելով, որ առաջատար երկրների փորձի կիրառումը արդյունավետ կլինի մեր երկրի համար:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նիստում քննարկվել է օրենքների կիրառման վերահսկողության միջազգային փորձը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազ•ային ժողովին աջակցման քառամյա ծրագիրը (SANAP) ուղղված է խորհրդարանի ներկայացուցչական, վերահսկողական եւ վերլուծական կարողությունների հզորացմանը: Նախաձեռնության բաղկացուցիչ մասն է օրենքների կիրառման մշտադիտարկումը, որի շուրջ էլ ծրագրի փորձագետները համագործակցում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի բնորոշմամբ` ուսումնասիրելով արդեն ընդունած օրենքների կիրառման ընթացքն ու առանձնահատկությունները, խորհրդարանը հնարավորություն կունենա արագ արձագանքել բացահայտված բացթողումներին կամ սողանցքներին եւ համապատասխան լրամշակումներ կատարել: Նաեւ` օրենքներն առավել ճկուն դարձնել` փոփոխելով իրողություններին ու զարգացումներին համահունչ: Մշտադիտարկման ու հետադարձ կապի ապահովման արդյունքում, Գագիկ Մինասյանի համոզմամբ, օրենսդրական դաշտն էականորեն կբարելավվի:

Միջազգային փորձն ու օրենքների կիրառման նկատմամբ վերահսողության մեթոդներն ու միջոցները տարբեր են աշխարհի տարբեր երկրներում: Ծրագրի շրջանակներում ու քննարկումների արդյունքում կողմերը նախատեսում են գտնել մեր երկրի համար կիրառելի եւ ամենարդյունավետ տարբերակը: Հանձնաժողովի անդամներին միջազգային փորձն է ներկայացրել ՄԶԳ խորհրդատու Թոմաս Բրայդլը:

Քննարկմանը հրավիրված են եղել նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Գագիկ Մինասյանի խոսքերով, օրենքների կիրառման մշտադիտարկումն ընդհանուր խնդիր է, ու լուծումներն էլ պետք է միասնական լինեն: ԼՂՀ Աժ գործընկերների հետ համատեղ քննարկումները, հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, շարունակական բնույթ են կրելու:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու պետությունների զինված ուժերի միջեւ երկկողմ համագործակցությանը եւ բարեկամական կապերին: Ըստ հիմնական զեկուցողի, փաստաթղթի դրույթներով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեւերը, համաձայնագրի կիրառման արդյունքում առաջացած ֆինանսական հարցերի կարգավորման եւ վնասների հատուցման սկզբունքները, ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում համագործակցության առանձնահատկությունները:

Համաձայնագրով սահմանվում են նաեւ լրացուցիչ արձանագրություններ կազմելու, փոփոխելու ու լրացնելու, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելու եւ գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում