Բելգիան, Չինաստանն ու Ռուսաստանը գնել են հայկական ադամանդի գերակշիռ մասը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից Բելգիա ադամանդի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում աճել են մոտ 87 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից Բելգիա է արտահանվել 27 հազար 700 կարատ ադամանդ` մոտ 9,9 միլիոն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: 2012-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից Բելգիա է արտահանվել 14 հազար 800 կարատ ադամանդ: Հայկական ադամանդի խոշորագույն գնորդների շարքում են նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը՝ համապատասխանաբար 17 եւ 19 հազար 300 կարատներով: 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է 67 հազար 300 կարատ ադամանդ՝ 24 միլիոն 400 հազար դոլարից ավելի ընդհանուր մաքսային արժեքով:
Նախորդ տարի ՀՀ-ից արտահանվել է 135 հազար 900 կարատ ադամանդ: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: Նախորդ տարի Հայաստանից Բելգիա արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 127 միլիոն 176 հազար դոլար:
2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված է հասցրել Հայաստանում ադամանադագործության ոլորտին: Եթե 2000 թվականների սկզբներին առկա էր ընդհուպ մինչեւ 300 մլն դոլարի արտահանում, ճգնաժամի տարիներին հայկական ձեռնարկությունները բավական ծանր վիճակում էին, եւ արտահանումը զգալիորեն նվազել էր: 2011թ-ին արդեն ոլորտը ոչ միայն դուրս էր գալիս ճգնաժամից (9 ամսում արտահանվել է 85 մլն դոլարի ադամանդ), այլեւ ավելացնում էր իր ծավալները:Ռուսական «Ալռոսա» ընկերության հետ պայմանավորվածություններից հետո 2009 թ. դեկտեմբերից Հայաստանը ձեռք է բերել ադամանդագործական հումքի մատակարարման կայուն աղբյուր: