1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենդանաբանական այգու պատվիրակությունը մայիսի 17-ին կայցելի Երևանի կենդանաբանական այգի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց,պատվիրակության կազմում են Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիների գծով համակարգող` Գեորգի Դարչիաշվիլին, գիտական գծով փոխտնօրեն Դավիթ Տախտակիշվիլին և Թոբիաս Դողնբուշը, ով EAZA-ի փղերի մասնագիտական խմբի անդամ է և օրեր առաջ դասընթացներ էր անցկացրել Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Այդ դասընթացներին մասնակցում էր նաև Երևանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու Յուլյա Հակոբյանը:
Երևան այցի ընթացքում Թոբիաս Դողնբուշը փղի պահպանության բարելավմանն ուղղված խորհրդատվություն կանցկացնի:Ապագայում կլուծվի նաև Երևանի և Վրաստանի կենդանաբանական այգիներում փղերի միայնության հարցը:
Ինչպես Երևանի, այնպես էլ Վրաստանի կենդանաբանական այգիներըEAZA–ի (Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիա) թեկնածու անդամ են: