Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղի է որդեգրել. Ջոն Հեֆերն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղի է որդեգրել. Ջոն Հեֆերն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղի է որդեգրել, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանի` այդ բարեփոխումների ճանապարհին Հայաստանին օգնելու համար: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ խոսելով Հայաստանում տնտեսական ազատ մրցակցության հեռանկարների մասին: «Տնտեսության ոլորտում ազատ մրցակցությունը հանգնեցնում է ապրանքների գների նվազման, ինչպես նաեւ ծառայություների եւ սպասարկման բարելավման: Սա տնտեսության ոլորտում ընդհանուր տեսություն է, եւ տնտեսությունը իրականում հենց այս սկզբունքով էլ գործում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հեֆրենը հիշեց այն տարիները, երբ Հայաստանում մեկ բջջային օպերատորին միացան եւս երկուսը: «Այդ ժամանակ մենք տեսանք ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավում, եւ գների նվազում: Այս մեթոդը պետք է կիրառելի դառնա Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում»,-ասաց նա: Դեսպանը նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ մակարդակի բանակցությունների մեջ է ՀՀ կառավարության անդամների հետ` այս խնդիրներին ճիշտ լուծում գտնելու համար: «Մենք պատրաստակամ ենք օգնել Հայաստանի կառավարությանը՝ երկրում էական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, եւ ես վստահ եմ, որ այդ բարեփոխումները չեն ուշանա՝ տալով տեսանելի արդյունքներ»,-ասաց նա՝ նշելով, որ վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում մաքսային ոլորտում, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի երկրում գործարար առողջ միջավայր ունենալու համար: Նա տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են նաեւ Պետական եկամուտների կոմիտեի հետ եւ փորձում են իրենց խորհուրդներով օգնել նաեւ հարկային բարեփոխումների ծրագրերին:

Ջոն Հեֆերնը հրաժարվեց պատասխանել Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացվող գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցին՝ նշելով, որ դա Ռուսաստանի եւ Հայաստանի խնդիրն է, ու ինքը զերծ կմնա այդ հարցը մեկնաբանելուց:

Հայաստանում ամերիկյան կապիտալով մոտ 8 տասնյակ ընկերություններ են գործում:Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգվում է «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» (USATF) տարեկան մեկ անգամ գումարվող նիստերում:ՀՀ-ԱՄՆ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման վկայությունն է նաեւ Հայաստանին Մշտական կանոնավոր առեւտրային հարաբերությունների` Permanent Normal Trade Relations (PNTR) կարգավիճակի շնորհումը (2004թ.), բարձր տեխնոլոգիաների վաճառքն արգելակող Ջեքսոն-Վենիքի ուղղման վերացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում