Տնտեսություն

Ջոն Հեֆերնը «Կոկա-Կոլա»-ի գործունեությունը Հայաստանում ամերիկյան ներդրման լավագույն օրինակն է համարում

3 րոպեի ընթերցում

Ջոն Հեֆերնը «Կոկա-Կոլա»-ի գործունեությունը Հայաստանում ամերիկյան ներդրման լավագույն օրինակն է համարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարիներին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանտարեկան վճարումները Հայաստանի պետական բյուջե հասել են 2.5 միլիարդ դրամի:Հայաստանումընկերության արտադրամասի գործունեության 17-ամյակի կապակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այցելեց գործարան:

Ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը հյուրերին ցույց տվեց ընկերության արտադրամասերը եւ պահեստները, ներկայացրեց ըմպելիքի պատրաստման գործընթացը: Ներկայացնելով 17 տարիների ընթացքում ընկերության գործունեությունը եւ նվաճումները՝ նա ընդգծեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հանձնառությունը Հայաստանի հանդեպ, ինչպես նաեւ ընկերության ներդրումը երկրի տնտեսության զարգացման գործում: «Անցած 17 տարիների ընթացքում մենք ոչ միայն հայաստանցի սպառողին ներկայացրինք մեր բարձորակ զովացուցիչ ըմպելիքները, այլեւ մեր ներդրումն ունեցանք երկրի տնտեսության եւ մեր համայնքների զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Տնօրենը հույս հայտնեց, որ իրենց բիզնեսը կշարունակի զարգանալ՝ ավելի մեծ դերակատարություն ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում: Գագիկ Դանիելյանը տեղեկացրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել են ավելի քան 7,5 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր: Նա ավելացրեց, որ ընկերության տնտեսական ազդեցությունն ակներեւ է նաեւ տեղական փոքր եւ միջին բիզնեսների՝ կապալառուների, մատակարարների, դիստրիբյուտորների եւ վաճառակետերի զարգացման գործում՝ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:

Գագիկ Դանիելյանի խոսքով` ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառությունն իրականացնում է բնապահպանական ծրագրերի, համայնքների աջակցության, առողջ ապրելակերպի, ինչպես նաեւ երեխաների եւ երիտասարդների զարգացման նախաձեռնությունների միջոցով:

Դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորեց ընկերության աշխատակիցներին 17-ամյա գործունեության կապակցությամբ՝ ուրախություն հայտնելով, որ ամերիկյան խորհրդանիշ հանդիսացող ընկերությունը Հայաստանում ներդրումային հիանալի օրինակ է ցույց տալիս: «Այսօր Հայաստանում համաշխարհային մակարդակի արտադարական գործընթաց է իրականացվում, ինչը երեւում է ընկերության կողմից երկրում կատարած մեծածավալ ներդրումներից: Հատկանշական է նաեւ այն, որ ընկերությունն ունի 600 աշխատակիցներ, որոնք բացառապես հայեր են»,- ասաց դեսպանը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում «Կոկա-Կոլա» ընկերության ապրանքատեսակների արտադրող եւ իրացնող ընկերությունն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում