Խոսրով Հարությունյանը ԲՀԿ-ին առողջ մրցակից է համարում իշխանությունների համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական առողջ մրցակից է: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` «ԲՀԿ»-ն ընդդիմություն լինելու անհնարինության մասին հայտարարությանը: Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդը նկատի է ունեցել ոչ առօրեական ընկալումներով ընդդիմություն չլինելու մասին: «Հայհոյող, աղմուկ դնող, ոչ մի բան չընդունող, «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով առաջնորդվող ընդդիմություն չլինելու մասին է խոսքը: Ես ենթադրում եմ, որ պարոն Ծառուկյանը դա է նկատի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը: Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն կարող է հակադրվել եւ միաժամանակ համագործակցել իշխանությունների հետ: Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն ունի հանրային կյանքի կազմակերպման սեփական մոտեցումները:
Հարությունյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է իր հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու եւ անելիքները վերաիմաստավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի: «Քաղաքական ուժերը հիմա արդեն պետք է մտածեն 17-18 թվականների իրենց մարտավարության եւ ռազմավարական մոտեցումների փոփոխման մասին»,- ասաց Հարությունյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել:Մայիսի 14-ին Աբովյան քաղաքում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ, «քանի որ կուսակցությունը կողմնակից է նրան, ինչն օգուտ է եւ ձեռնտու է ժողովրդին»: