Հայաստանում թանգարաններն այսօր կրկին բաց են մինչեւ կեսգիշեր
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 18-ին կնշվի «Թանգարանների գիշեր» միջոցառումը: Օրվա առթիվ առանձնահատուկ շուքով կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Այդ օրն այս անգամ համընկել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ:Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտել թանգարանների գործունեության բազմազանությունը: 2013 թվականի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ. Հիշողություն+Ստեղծագործություն = Հասարակական փոփոխություն» խորագրի ներքո: Այս համատեքստում, Հայաստանը հանդես է գալիս «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի պատմության թանգարանում օրվա ընթացքում կներկայացվեն «նորամուտ» հնագիտական գտածոներ, Ազգային պատկերասրահում կցուցադրվեն «Ասորիներն Արեւելյան Հայաստանում», «Վրացական «Իվերիա» համայնքի գործունեությունը Հայաստանում» խորագրերով ֆիլմեր, կանցկացվի ասորական, լեհական եւ վրացական համայնքների մասնակցությամբ համերգ: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կլինի «Բաց նամակ» թանգարանի ֆոնդային բացիկների ցուցահանդես, դասական երաժշտության համերգ, «Նամակ մտերիմին» ակցիա երիտասարդների համար. այն իրականացվում է «Հայփոստ»-ի հետ համատեղ:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը եւս մայիսի 18-ին կմիանա «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային: Ունենալու են նոր ցուցահանդեսի բացում, կիրականացվեն կրթական մի շարք ծրագրեր, որոնք կզուգորդվեն ցուցահանդեսների հետ: Կլինեն նաեւ կինոդիտումներ: Անակնկալ է պատրաստված «Գաֆէսճեան» հիմնադրամի անդամների համար. մեկ շաբաթ անդամակցության բոլոր փաթեթների վրա կգործի 40 տոկոս զեղչ:
Երվանդ Քոչարի թանգարանում կներկայացվի Քոչարյան մոտիվներով հուշանվերների բացօթյա ցուցահանդես, ինչպես նաև կանցկացվեն վարպետաց դասեր և ճեպանկարների մրցույթ Գեղարվեստի ակադեմիայի սաների մասնակցությամբ: Ժամը 18:00-23:00-ը կանցկացվի խաղարկային մրցույթ, իսկ ժամը 21:00-22:00-ն «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատումը» տեսաֆիլմի բացօթյա ցուցադրություն կիրականացվի` UNESCO-ի կողմից «Սասնա ծռեր» էպոսը որպես ոչ նյութական մշակութային արժեք ընդունելու կապակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւս միանում է թանգարանների մեծ ընտանիքին: Թանգարանն իր այցելուներին կառաջարկի «Հնագիտությանը հյուր», «Թատրոնին հյուր», «Կինոյին հյուր» և «Քաղաքը երգերում» միջոցառումների շարքը` «Բացահայտիր մայրաքաղաքի բնօրրանը գիշերային լույսերի մեջ» կարգախոսի ներքո: Թանգարանների գիշերը Էրեբունիում կմեկնարկի հնագիտությանը նվիրված ուսուցողական դասով: Կցուցադրվի «Մայաներին որոնելիս» ֆիլմը:Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին` Էրեբունի ամրոցի բարձրունքից Երևանի համայնապատկերի դիտումով:
Մարիտիրոս Սարյանի տուն-թանգարանում կներկայացվի մեկենասներ ՌԴ նկարիչների «Холст» միավորման անդամների ցուցահանդեսը, կլինի վոկալ երաժշտության համերգ, «Մ. Սարյանի գրքարվեստը» ալբոմի, «Մ. Սարյանի տուն-թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» սլայդ- շոուի շնորհանդեսներ, ինչպես նաեւ Ռոզա Ֆրանգուլյանի 1958 թ. նկարահանած «Մ. Սարյան»ֆիլմի ցուցադրություն:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվի «Երեք հասակ» ցուցադրություն, «Հնչյուններ և գույներ» նախագծի շրջանակում կնկարեն այցելուները, կլինի նաեւ Ա. Խաչատրյանի անվան տրիոյի նոր ձայնասկավառակի շնորհանդես:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կանցկացվի չինական թեյախմության արարողակարգ (թանգարանի բակում), իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված է Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի փողային նվագախմբի ելույթ (թանգարանի հարակից այգում), Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նկարչական ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունների ցուցադրություն (թանգարանի հարակից այգում):
Հովհաննես Թումանյանի թանգարանում կներկայացվի «Դամբարանից թանգարան» ցուցադրություն` նվիրված թանգարանի 60-ամյակին, «Քաջ Նազարը» անգլերեն ներկայացում, նաեւ «Կիկոսի մահը» իտալերեն ներկայացում` Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների մասնակցությամբ: «Կենցաղային էվոլյուցիա» ծրագրի շրջանակում կներկայացվեն Թումանյանի սառնարանները: Կանցկացվի նաեւ «Թանկագին քարեր» ինտելեկտուալ խաղեր այցելուների հետ:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կլինի թանգարանների վիրտուալ շրջայցի շնորհանդես, ինչպես նաեւ թանգարանի նոր հիմնական ցուցադրություն: Ռուսական արվեստի թանգարանում հանրության դատին կհանձնվի «Ռուսական ավանգարդը և Երևանի Ռուսական արվեստի թանգարանը. հեղինակներ, ստեղծագործություններ» ֆիլմեր:Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվեն Քարե դարի գործիքներ:
Օրվան համահունչ բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն նաեւ ՀՀ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարաններում: Նախագծին առաջին անգամ միացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ընդհանուր առմամբ` օրը տոնական կլինի 88 թանգարանների համար:
Միջոցառումները հիմնականում կմեկնարկեն ժամը 18:00-ին և կտևեն մինչեւ կեսգիշեր: ՀՀ մշակույթի նախարարությունը, ի թիվս այլ միջոցառումների, մայիսի 22-ին եւ 23-ին կանցկացնի «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով գիտաժողով:
Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:Նախորդ տարի Թանգարանների միջազգային օրը նշել են 129 երկրների 32 հազար թանգարաններ: