Հասարակական

ՀՀ քաղավիացիան քննարկում է Երևան-Բեյրութ-Երևան չվերթները վերականգնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղավիացիան քննարկում է Երևան-Բեյրութ-Երևան չվերթները վերականգնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիան քննարկում է Երևան-Բեյրութ-Երևան չվերթները վերականգնելու հարցը:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:«Այժմ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում: Չվերթը կիրականացնի այն ավիաընկերությունը, որն ավելի լավ պայմաններ կառաջարկի»,-ասաց Չերչինյանը:

«Արմավիա»-ի սնանկացումից հետո ավիատոմսերի սակագների հնարավոր բարձրացումը կանխարգելելու նպատակով՝ 2013 թվականի «Ամառ» նավիգացիոն ժամանակաշրջանի համար հավելյալ չվերթներ են տրամադրվել «Պոլյոտ», «Աէրոֆլոտ», «Ռոսսիա», «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ», «Ուրալյան ավիաուղիներ», «Սիբիր» ավիաընկերություններին:Մասնավորապես, «Աէրոֆլոտ», «Սիբիր», «Ռոսսիա», «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ», «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերություններին Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Նովոսիբիրսկ-Երևան, Երևան-Կիև-Երևան, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան, Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան ուղղություններով տրվել է հավելյալ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն:

Ավիափոխադրումների աշխարհագրությունն առավել ընդլայնելու նպատակով էլ օտարերկրյա ավիափոխադրողներին տրվել է թույլտվություն նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար: Դրանք են՝ Երևան-Ուֆա-Երևան, Երևան-Կալինինգրադ-Երևան, Երևան-Բելգորոդ-Երևան:

Երևան-Բեյրութ-Երևան չվերթները, որոնք իրականացվում էին «Արմավիա»-ի կողմից, նույնպես դադարեցվել էին: «Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց:Այն մինչ հիմա շարունակում է չկայացած չվերթների դիմաց տոմսերի փոխհատուցման գործընթացը: Սակայն վերջերս «Արմավիա» ավիաընկերությունն առողջացման ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում