Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում մայիսի 16-ին կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցել ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և հանդես եկել Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով:

ՀՀ ԱԳ նապարարը նշել է, որ առանձնակի պատիվ է հանդես գալ որպես Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահ, մի կառույց, որը Եվրոպայում ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից է:

«Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը լավ հնարավորություն, մարտահրավեր և մեծ պատասխանատվություն է:

Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում՝ առաջնորդելու ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Մեծ պատասխանատվություն, որովհետև ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից:

Հայաստանը, որի եվրոպական ինքնության արմատները սերում են ընդհանուր արժեքներից, գաղափարներից և ժառանգությունից, վստահորեն ստանձնում է այս պատասխանատվությունը:

Հարգելի գործընկերներ,

Մեր նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք մեր կարծիքով առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք: Այդ նպատակով մենք ձգտելու ենք մեր ներդրումն ունենալ Եվրոպայի Խորհրդի կարողությունների ամրապնդմանը:

Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը և վտանգում են մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական ​​և այլատյացության հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում, ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարին:

Հայաստանի նախագահությունը իր աջակցությունն է բերելու «Ոչ ատելության խոսքին» շարժմանը, կարևորելով առցանց երիտասարդական արշավը ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

Միջմշակութային երկխոսության խթանումը արդյունավետ գործիք է եվրոպական հասարակություններում ավելի լավ փոխըմբռնման համար: Բազմազանությունը Եվրոպայի ուժն ու հարստությունն է, և մենք պետք է ջանք չխնայենք՝ պահպանելու մեր ընդհանուր առանձնահատուկ մշակութային ժառանգությունը: Հայկական նախագահությունը կընդունի 2013թ.-ի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության նախաձեռնությունը:

Մարդու իրավունքների և օրենքի գերակայության չափանիշների սահմանումը այս կազմակերպության գերակա ոլորտն է: Մենք պետք է ավելի ամրապնդենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համընդհանուր կիրառումը: Սա անհրաժեշտ նախապայման է Եվրոպայում բնակվող բոլորի իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներին վերստին անդրադառնալու նպատակով, ի շարունակումն Եվրոպայի խորհրդի Միացյալ Թագավորության նախագահության ջանքերի, Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը Երևանում համաժողով է կազմակերպելու «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով:

Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար և այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում: Այս ուղղությամբ մենք հիմնականում կկենտրոնանանք տեղական ու ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացման վրա: Այս նպատակով կկազմակերպվի համապատասխան համաժողով՝ նվիրված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում այդ ոլորտում առկա լավագույն փորձին:

Հայաստանի նախագահությունը նաև հատուկ ուշադրություն կդարձնի մայրաքաղաքների խնդիրներին՝ հաշվի առնելով նրանց դերը, կշիռը և ազդեցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում և տեղական ժողովրդավարության զարգացման մեջ:

Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր աշխատանք է տանում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։ Չնայած շոշափելի արդյունքների առկայությանը՝ կարևոր է շարունակել ջանքերը դրանց առավել ամրապնդման նպատակով:

Հայաստանը նաև հատուկ ուշադրություն կդարձնի մասնակցային ժողովրդավարությանը և համապատասխան գիտելիքների տարածմանը հատկապես երիտասարդության շրջանում: Այս նպատակով Երևանում կկազմակերպվի սիմպոզիում, որը հարթակ կծառայի երիտասարդական մասնակցության վերաբերյալ տեսակետների փոխանակման և խորքային քննարկումների համար:

Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:

Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը: Նման համագործակցությունը էական է գործադրվող ջանքերի առավել արդյունավետ համադրման համար: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրամիության միանալու գործընթացին, որն էլ ավելի կնպաստի միասնական եվրոպական իրավական տարածքի ստեղծմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ: Հաջորդ վեց ամիսների ընթացքում նշված կառույցների երկու խոշոր միջոցառում է ծրագրված անցկացնել Երևանում:

Մենք կապահովվենք հաջորդական նախագահությունների շարունակականությունը սերտորեն համագործակցելով նախորդ՝ Անդորայի և հաջորդ՝ Ավստրիայի նախագահությունների հետ :

Տիկնայք և պարոնայք

Հայաստանը բարի կամքով կհամագործակցի բոլոր անդամ պետությունների հետ, որոնք կամենում են ներգրավվել Եվրոպայի խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ կառուցողական երկխոսության մեջ և որոնք ցանկանում են ներդրում ունենալ այս կազմակերպության նպատակների իրագործմանը»,- նշել է ելույթում:

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրել են, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը:

Հայերեն English Русский

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը