Կանզասի հետ նահանգային գործակցության ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում է հայաստանյան պատվիրակությունը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում է գտնվում հայաստանյան պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Topeka Capital Journal-ի կայքը, այցի նպատակն է ծանոթանալԿանզասի իրավական համակարգին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ տեղակալ Սերգեյ Աբրահամյանի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը Կանզասում կմնա մինչև ուրբաթ օրը:
Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գնահատմամբ` համագործակցությունը շահավետ է նաև Կանզասի համար, քանի որ «հայ պաշտոնյաների թարմ մոտեցումները ամերիկյան իրավական համակարգի հանդեպ ստիպում են վերաիմաստավորել իրենց սեփական պատկերացումները»:
Նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարվասեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2003թ.-ից: Համագործակցությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև հետևյալ հիմնական ոլորտներում` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացի նախապատրաստմանը աջակցության ցուցաբերում և այլն:
Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզաս նահանգը Հայաստանի հետ համագործակցություն է իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, օրենսդրական, իրավապահ, արտակարգ իրավիճակների և այլ ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 2013թ.-ին Հայաստանում իրականացվելու է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի տոնակատարությունը, որին Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի հետ հրավիրվել է նաև Կանզասի նահանգապետը: