3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կսկսի միջազգային կապիտալի շուկայում թողարկել արտարժութային պարտատոմսեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ գործընթացը կանոնակարգվելու է ՀՀ կառավարության հաստատած հայեցակարգով:
Գործադիրի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա նոր էջ է բացում մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ: «Հնարավորություն է տրվելու նաև մասնավոր հատվածին՝ ֆինանսական շուկաներից ներգրավել ավելի էժան միջոցներ: Բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, մատնանշում են, որ եթե Հայաստանը միջազգային շուկաներում չունի գնանշված պարտատոմսեր, ապա նրանց համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է ավելի թանկ՝ առնվազն 1-1,5 տոկոս:
Մենք առաջին անգամ ենք հայտնվելու միջազգային ֆինանսական շուկայում և ապագայում էլ, կախված մեր երկրի վարկանիշից, տոկոսադրույքները կարող են նվազել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս որոշմամբ մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է տեղի ունենալու, և կառավարությունը պարտավոր է լինելու հետևել, թե ինչպիսին է մեր երկրի պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում, քանի որ այն լուրջ ազդակներ է հաղորդելու ՀՀ-ի տնտեսական վիճակի մասին:
Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, ապա կառավարությունը մտադիր է դրա միջոցներով մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը: «Այսօրվա դրությամբ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները, հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել: Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ սկսել ենք այս երկխոսությունը, ունենք նրանցից համաձայնություն և օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն նրանք, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով»,- նշեց վարչապետը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ՝ միջազգային շուկաներում Հայաստանը դադարել են համարել ցածր եկամուտ ունեցող երկիր: Այսուհետ ՀՀ-ն դասվելու է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, ինչի արդյունքում՝ այն արտոնյալ պայմաններով վարկերը, որոնք ՀՀ-ն ստանում էր, նվազելու են:
«Կարևոր է, որպեսզի Հայաստանը հայտնվի միջազգային շուկաներում և ունակ լինի ինքնուրույն ներգրավել միջոցները՝ հենց միջազգային շուկաներից»,- ասաց նախարար Սարգսյանը:
Սրանով ճանապարհ է բացվում նաև մասնավոր հատվածի համար, որը հնարավորություն կստանա դուրս գալ միջազգային շուկաներ և միջոցներ ներգրավել այնտեղից: