2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որի համաձայն` ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` գազի գնի վերանայման համար, որով նախատեսվում է ՀՀ-ին 1000 ԽՄ գազը մատակարարել 270 դոլարով:
«Իմ նամակով մենք արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի դրանից, սոցիալապես անապահով ընտանիքները ևս օժանադակություն են ստանալու, որպեսզի գազի գնի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»,- ասաց վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` գազի գնի շուրջ քննարկումները լինելու են բաց և որևէ փակ հարց չի լինելու:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` գործողսակագինը 132 000 դրամ, դարձնել 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: