1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 15-ին գումարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ստեղծված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին զեկույցով հանդես է եկել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների առաջարկություններ ներկայացնող հանձնաժողովի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա Սրբազան Հայրը ժողովականներին է ներկայացրել քսաներեք առաջարկ, որոնք վերաբերել են ինչպես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստման, այնպես էլ իրականացման աշխատանքներին:
Ժողովի ներկայացուցիչները, հանգամանորեն քննարկելով առաջարկությունները, ամբողջացրել են դրանք` ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետի վավերացմանը: