2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Ենթադրվում է, որ Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած որոշման հիման վրա Հրանտ Դինքի գործը կուղարկվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանի վերանայմանը:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Վճռաբեկ դատարանը հաստատել է գործով անցնող թիվ մեկ կասկածյալ Յասին Հայալի նկատմամբ Դինքի «սպանությունը ծրագրելու» համար ցմահ ազատազրկման մասին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից նախկինում ընդունված վճիռը` ընդգծելով, որ այդ պատժին նա արժանացել է ոչ թե «զինված ահաբեկչական կազմակերպության ղեկավար» հանդիսանալու, այլ «հանցագործություն կատարելու նպատակով կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու» մեղադրանքով: Դատարանը նույնն է թողել նաեւ գործով անցնող մնացած բոլոր մեղադրյալների նախկինում որոշված պատժաչափերը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին: Սպանությունն իրագործած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Գործով անցնող 19 մեղադրյալներից 13-ը դատարանի դահլիճից ազատ են արձակվել` «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ» չհանդիսանալու հիմնավորմամբ: