Հայաստանում հունիսից կմեկնարկեն ականազերծման աշխատանքներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հունիսից կմեկնարկեն հումանիտար ականազերծման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, աշխատանքները կսկսվեն Սյունիքի մարզում:«Ականազերծման աշխատանքներով կզբաղվի «Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ շվեյցարացի գործընկերների աջակցությամբ»,- ասաց Հովհաննիսյանը: ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ ականազերծման աշխատանքների մեկնարկը կապված է ԱՄՆ Պետդեպի ֆինանսական փոխանցման հետ:
Հրադադարի հաստատումից հետո դեռևս ականապատված են մնում ՀՀ շուրջ վաթսուն բնակավայրերի հարակից տարածքներ: Կասկածելի տարածքներն էլ 102-ն են, գրեթե 322 քառակուսի կիլոմետր մակերեսով: 1994-ից մինչ օրս ականներից եւ չվնասազերծված զինամթերքից Հայաստանում տուժել է ավելի քան 400 մարդ` 112-ը մահացու ելքով: Սյունիքն ամենաշատ ականապատ տարածքներ ունեցող մարզն է:
«Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2011 թ. փետրվարին: Մինչ 2011-ը ականազերծման խնդրով զբաղվել է ՀՀ ԶՈՒ կազմում գտնվող հատուկ ստորաբաժանումը: ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 26-ին «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացված ու իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության եւ բուն ականազերծման փուլերին նվիրված խորհրդաժողով էր անցկացվել: