Քրիս Բոհջալյանի դիտարկմամբ` ԱՄՆ-ի և Կանադայի բնակչության զգալի մասը պատկերացում չունի Հայոց ցեղասպանության մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսմանյան կառավարության կողմից նախապես ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որ մեկնակետ դարձավ Հոլոքոստի և դարի զանգվածային այլ կոտորածների համար: Սակայն, ի տարբերություն Հոլոքոստի, այն շատ քիչ է լուսաբանվում միջազգային հարթակներում և հայկական միջավայրից դուրս շատ քչերը գիտեն դրա մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ամերիկահայ գրող, ավելի քան տասնհինգ գրքերի հեղինակ Քրիս Բոհջալյանը` The Armenian Weeklyանգլալեզու շաբաթաթերթում հրապարակված իր հոդվածում:
Հեղինակը ցավով նկատում է, որ ԱՄՆ-ում և Կանադայում հանրությունը հայկական համայքից դուրս պատկերացում չունի համաշխարհային պատմության այդ հատվածի մասին: Ըստ Բոհջալյանի` դա հստակ երևում է իր վերջին` Հայոց ցեղասպանությանը նվիրված The Sandcastle Girls վեպի մասին ընթերցողների արձագանքներից, ինչպես նաև ֆեյսբուքյան և թվիթերյան իր էջերում արված գրառումներից:
«Իմ ընթերցողների գերակշիռ մասն առաջին անգամ է լսում Հայոց ցեղասպանության մասին: Շատերը սարսափահար են լինում, մյուսներն ամաչում են, իսկ զգալի հատվածը հարցնում է, թե ինչու իրենց չեն ուսուցանել այդ իրադարձությունների մասին, և ինչու են ուսուցիչները շրջանցել քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը»,- նշել է Բոհջալյանը:
Հեղինակի դիտարկմամբ`դա մի կողմից թուրքական ժխտողական և խտրական քաղաքականության արդյունքն է, մյուս կողմից հանրային հասարակության անտարբերության: