2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքով Արցախի մասին պատրաստած տեսանյութը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին: Ուկրաինական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է որպես անկախ, բայց չճանաչված հանրապետություն: Ուկրաինացի լրագրողը, այցելելով Արցախ, ներկայացրել է թե ինչպես են ապրում մեր օրերում ղարաբաղցիները` նշելով, մայիսի ինը տեղի բնակիչների համար կրկնակի տոն է: Լրագրողը հետաքրքիր համեմատություն է արել` նշելով, որ ղարաբաղցիների համար իրենց ազգային-ազատագրական պատերազում Շուշին նույն նշանակությունն ուներ, ինչ Բեռլինի գրավումը Հայրենական պատերազմի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետքության պետական բյուջեի առյուծի բաժինը հասնում է բանակի պահպանմանը: Այստեղ պատրաստ են պատերազմին, սակայն ցանկանում են խաղաղություն, իսկ թե ինչ արժե խաղաղությունը` ղարաբաղցիները գիտեն բոլորից լավ»,- այսպես է ավարտել ռեպորտաժը ուկրաինացի լրագրողը:
Այս կապակցությամբ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը նամակ է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն և «Ինտեր» հեռուստաընկերություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:
Նամակում նշվում է, որ նմանօրինակ ֆիլմի ցուցադրությունը բարի կամքի դրսևորում չէ: Ադրբեջանի դեսպանությունը ցանկություն է հայտնել հանդիպել և քննարկել կատարվածը հեռուստաընկերության ներկայացուցիչների հետ: Ադրբեջանական կողմը միաժամանակ պահանջել է վերացուցադրել ֆիլմն այլ տեսանկյունից: