Սաֆարովի գործով ՄԻԵԴ փորձագետ Ֆիլիպ Լիչը կժամանի Հայաստան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անգլիացի փորձագետ Ֆիլիպ Լիչը կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի և Սաֆարովի գործողություններից տուժած մեկ այլ հայ սպա Հայկ Մուկուչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հավանական է՝ Լիչի գալուստը նշանակի ՄԻԵԴ-ի դրական արձագանքը հայկական կողմի հայցով Ռամիլ Սաֆարովի գործի քննության վերաբերյալ։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ մեր նամակագրական կապը ձգձգվեց, սակայն գործի քննության համար տարվող աշխատանքները կանգ չեն առնում։ Ձգձգման պատճառը ՄԻԵԴ-ում կուտակված դատական գործերն են»,- ասաց Սահակյանը։ Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ինչ հիմունքներով կկատարվի գործի քննությունը, իսկ քննության տևողությունը կարող է ձգվել 6 ամսից մինչև 5 տարի։ Լիչի այցելության ժամանակ կքննարկվեն գործի հետ կապված մանրամասները և կծրագրվեն հետագա անելիքները։
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված սպա Հայկ Մուկուչյանի ներկայացուցիչները փետրվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին ներկայացրել համապատասխան անհատական գանգատ, որով վիճարկվում էին Հունգարիայի և Ադրբեջանի կողմից իրականացրած ոչ իրավաչափ գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելը, հետագայում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը, արդարացնելն ու հերոսացնելը։
Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած սպային՝ Գուրգեն Մարգարյանին։ Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել և ազատ արձակել։
Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ։