Բարսելոնայում Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգը մեծ ոգեւորությամբ է ընդունվել հանդիսականների կողմից
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի երգերը կատարող Սոնա Արոյանը տարեվերջին նախատեսում է համերգովներկայանալ Ֆրանսիայում: Բարսելոնայից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արոյանը: Նրա տեղեկացմամբ`մայիսի 11-ին Իսպանիայի Սանտե Կոլոմա դե Գրամենետ քաղաքի Auditori can roig i torres համերգասրահում «Քո հետքերով» համերգային ծրագիրը, որտեղ նա կատարել է Ֆլորա Մարտիրոսյանի երգերը, տեւել է մոտ մեկ ժամ հիսուն րոպե:
«Բարեգործական համերգի ընթացքում հանդիսատեսը պարում էր: Շատերը գալիս էին կուլիսներ եւ ասում, թե որքան տպավորված են: Սա ցույց է տալիս, որ իրենք ծարավ էին հայկական երաժշտության»,- պատմեց Արոյանը: Նրա խոսքով` հանդիսատեսի թվում էր ոչ միայն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ` իսպանացիներ, ռուսներ: Հանդիսականների ընդհանուր թիվը հասնում էր 250-ի:
Արոյանը երգում է ժողովրդական ժանրում, եւ այդ է պատճառը, որ Ֆլորա Մարտիրոսյանի երգերն համար առավել քան հոգեհարազատ են:
Համերգին տոմսեր չեն վաճառվել, այն ամբողջովին հրավիրատոմսերով է եղել, սակայն տեղադրվել է հատուկ արկղ, որում հավաքված գումարը կփոխանցի Ֆլորա Մարտիրոսյանի Never again մշակութային շարժմանը:
Արոյանը համերգը կազմակերպելու գործում իրեն մեծապես օգնելու համար շնորհակալություն հայտնեց արվեստագետներ Արտյոմ Բաղդասարյանին եւ Լիլի Հովերին: Համերգի իրականացմանն աջակցել են Կատալոնիայում գործող hայկական մշակութային կազմակերպությունները եւ Սանտա Կոլոմայի քաղաքապետարանը:
Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնած Never again («Այլեւս երբեք…») խորագրով մշակութային շարժումը երգչուհու մահից ամիսներ անց կշարունակի իր գործունեությունը, որը միտված է մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
2007-ին Մարտիրոսյանը հիմնադրել է Artists For Peace («Արտիստները հանուն խաղաղության») բարեգործական կազմակերպությունը, որին անդամագրված համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ մշակույթի միջոցով միավորվում են` Never again ասելու Հայոց ցեղասպանությանն ու մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործություններին։ Never Again համերգաշարին 2007 թվականից ի վեր մասնակցություն են ունեցել համաշխարհային մեծության աստղեր` Սթիվի Ուանդերը, Մալինա Մոյեն, Չակա Խանը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիկ Բենետը, Արտո Թունջբոյաջյանը, ռեփեր Պրասը:
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թվականի նոյմեբերին ԱՄՆ-ում` հետվիրահատական բարդությունների հետեւանքով: