Բելառուսի նախագահը ժամանեց Հայաստան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:
Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը:
Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:
2012 թվականին հայ-բելառուսական երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 46.1 մլն դոլար։ Հայաստանից արտահանումը 7,4, իսկ ներմուծումը՝ 38.7 մլն դոլար։ Բելառուսից հիմնականում հայաստան է ներկրվում անվադողեր, բեռնատար ավտոմեքենաներ, տրակտորներ, թուղթ, կարագ և այլն: