2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը»ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Ավստրալիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, Պասկալեւան Սիդնեյում ներկա կգտնվի ցուցադրությանը` դիտումից հետո ներկաների հետ կիսվելով Ղարաբաղում ունեցած իր տպավորությունների մասին:«Ղարաբաղի վերքերը»ֆիլմը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին եւ Շուշիի ազատագրման 21-ամյակին:
2012 թվականին Պասկալեւան սկսել է շրջագայություններն աշխարհի տարբեր երկրներում, որի ընթացքում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի մասին փաստավավերագրական ֆիլմեր` այդպես պայքարելով ադրբեջանցիների հակահայկական քարոզչության դեմ։ Պասկալեւան ճանաչված բուլղարացի լրագրող է, ռեժիսոր, սցենարիստ եւ ֆիլմերի օպերատոր: Ծնվել է Բուլղարիայի Նովա Զագորա քաղաքում: 1991 թվականից Ցվետանա Պասկալևան ղարաբաղյան խնդրին առնչվող մի շարք ֆիլմեր է նկարահանել, որոնց թվում` «Բարձունքներ, հույսեր» (1991թ.), «Կլինի՞ արդյոք առավոտ Ղարաբաղի վրա» (1992թ.), «Իմ սիրելի ողջեր եւ մեռածներ» (1993թ.), «Ղարաբաղի վերքերը» (1994թ.), «Իրենց հողի զինվորները» (1994թ.), «Լռություն» (1995թ.), «Հավատ եւ ոգի» (2001թ.):