Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը Հայաստանում կնշվի մի քանի միջոցառումներով

3 րոպեի ընթերցում

Արտավազդ Փելեշյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը Հայաստանում կնշվի մի քանի միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված Հայաստանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, լուրջ աշխատանքներ են տարվումտարերային աղետների վերաբերյալՓելեշյանի ֆիլմի նկարահանմանն օժանդակելու համար ֆինանսական հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Ամեն ինչ կարվի, որ ֆինանսավորում գտնվի եւ նախատեսված միջոցառումներն անցկացվեն հենց այս տարվա ընթացքում»,- ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:Տարերային աղետների վերաբերյալ ֆիլմում ռեժիսորը նախատեսում է նաեւ անդրադառնալ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին: Ռեժիսորը վերնագիրը դեռ չի հստակեցրել, մի քանի տարբերակներ են պտտվում` «Բնության ուժը», «Բնություն», «Տարերք»: «Կարծում եմ` հենց ֆիլմի գաղափարը շատ հետաքրքիր է»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

Բացի նոր ֆիլմի լույս ընծայումից, նախատեսվում է նաեւ ներկայացնել Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական կյանքն ամփոփող գիրքը, որի հեղինակը հենց մեծանուն ռեժիսորն է:

Իսկ ահա մեծ աղմուկ հանած «Homo Sapiens» ֆիլմի, որը ռեժիսորը նախատեսում էր ավարտին հասցնել դեռ տարիներ առաջ, նկարահանման ժամկետները դեռ հստակ չեն. պատճառը ֆինանսական է` սցենարային, մոնտաժային աշխատանքների համար մեծ գումարներ են անհրաժեշտ:

Փելեշյանն արդեն հրավիրվել է մասնակցելու 2013 թվականի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որտեղ հատուկ ծրագիր կնվիրվի նրան:

Արտավազդ Փելեշյանի առաջին ֆիլմերը` «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», նրան ոչ թե ուղղակի անուն բերեցին, այլ նաեւ համբավ: 1969 թ-ին նա նկարեց «Մենք» ֆիլմը, որը կառուցված էր Արամ Խաչատրյանի գունեղ երաժշտության հիման վրա, եւ որը շատ արագ հանրահայտ դարձավ: Ինչպես բնութագել է արվեստաբան Լեւոն Մութաֆյանը, նրա ստեղծագործությունները հավերժականի մասին են, ամեն ինչ մարդու միջոցով, մարդու մասին: Եվ այդպես շարունակվում էր յուրաքանչյուր աշխատանքում` լինի դա «Տարվա եղանակները», «Մեր դարը», թե «Կյանք» ֆիլմերը: Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «սակավաթիվ կինոհանճարներից մեկը», իսկ կինոյի տեսաբանները նրա «դիստանցիոն» մոնտաժը նաեւ անվանում են «հոգեւոր-ինտուիտիվ» մոնտաժ՝ առաջնորդվելով նրանով, որ հանդիսատեսից պահանջվում է նույնպիսի ջանքեր այն ընկալելու, ինչպիսին եւ` հեղինակից:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մոսկվաբնակ Արտավազդ Փելեշյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչում: Դեկտեմբերի 13-ին ՀՀ քաղաքացու անձանգիրը հանդիսավորությամբ հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում