2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի հրապարակած հերթական ամենամյա` դավանանքի ազատության իրավունքի խախտումների վերաբերյալ զեկույցում Ադրբեջանը ենթարկվել է խիստ քննադատության: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը:
364 էջանոց զեկույցում նշվում է, որ անկախ իշխանությունների արած պաշտոնական հայտարարություններին` Ադրբեջանում կրոնական ազատությունների հարցը վերջին շրջանում ավելի է սրվել: «Մի շարք կրոնական կազմակերպություններ փակվել են, իսկ մարդիկ ձերբակալվում և տուգանվում էին կրոնական խաղաղ գործունեություն ծավալելու համար»,- ասվում է զեկույցում: ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգիչ է համարել նաև տարբեր տարիներին Ադրբեջանում ընդունած օրենքների համաձայն մզկիթներից դուրս աղոթելու, ինչպես նաև ուսումնական հասատատություններում կրոնական գլխաշորեր կրելու սահմանափակումներն ու արգելքները:
Զեկույցի կազմակերպիչները կոչ են արել Ադրբեջանի իշխանությունների հաճախակի հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուիցչների հետ` քննարկելու դավանանքի ազատությանը, դատարանների անկախությանը վերաբերող հարցեր: Նրանք կարծում են, որ Բաքվում ԱՄՆ դեպսանությունը պետք է իր աջակցությունը ցուցաբերի Ադրբեջանում իրավապաշտպանների և ակտիվիստների գործողություններին, որպեսզի չոտնահարվեն մարդու իրավունքները: