2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում ընթացող Ալյոխինի հուշամրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց հանդիպումները ոչ ոքի են ավարտել նաեւ Անանդ-Սվիդլեր, Դինգ Լիրեն-Ադամս զույգերը։
Վիտյուգովը հաղթել է Վաշյե-Լագրավին։ Ընթացքի մեջ է Կրամնիկ-Գելֆանդ պարտիան։ Արոնյանն ու Անանդը վաստակել են 4,5-ական միավոր` հավասարվելով երկու առաջատարներին` Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու Բորիս Գելֆանդին:
Մայիսի 1-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վաշյե-Լագրավի հետ:
Ալյոխինի մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է, քանի որ անցկացվում է եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, եւ Փարիզում: Մրցաշարի առաջին հինգ տուրերն անցկացվում են Փարիզում, իսկ մյուս տուրերը կկայանան` Սանկտ Պետերբուրգում:
Մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դինգ Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա): Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 21-ից եւ կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը: