Հրեաները, որպես ցեղասպանության ենթարկված ազգ, իրավունք չունեն չճանաչել հայերի ցեղասպանությունը. Քնեսետի նախկին անդամ
4 րոպեի ընթերցում

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Եբրայական համալսարանում ապրիլի 28-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով կազմակերպվել է գիտական սիմպոզիում: Այս մասին հաղորդում է Երուսաղեմում «Արմենպրես»-ի թղթակիցը:
Սիմպոզիումը բացվեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Բագրատ Վրդ. Պուրճեքյանի ողջույնի խոսքով: «Ցեղասպանության հիշատակումը մեր զենքն է Թուրքիայի ուրացման դեմ: Մեր դատը չի մահանա այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը ապրում է»,- նշել է իր խոսքում Հայր Բագրատը եւ հավելել, որ հայ ժողովուրդը կհաշտվի Թուրքիայի հետ միայն այն ժամանակ, երբ այդ հաշտությունը հաստատված լինի արդարության վրա:
Ներկաների փոխանցվեց նաեւ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Հակոբյանը բարձր գնահատեց սիմպոզիումի կազմակերպիչների աշխատանքը եւ քաջալերեց հրեա պատմաբաններին, ցեղասպանագետներին եւ հետազոտողներին` նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը Իսրայելի Քնեսետում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմճյանը, ով ներկաներին հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը եւ ապա անրադարձավ ապրիլի 23-ին Իսրայելի Քնեսետում Հայոց ցեղասպանության քննարկմանը եւ տվեց դրա քաղաքական վերլուծությունը:
Ողջույնի խոսքերից հետո դասախոսությամբ հանդես եկավ օրվա հիմնական բանախոս, Քնեսետի նախկին անդամ եւ Մերեց կուսակցության նախկին առաջնորդ Հաիր Ցաբանը՝ «Ուրացում. Անձնական շահը եւ խիղճը» թեմայով:
Դասախոսության ընթացքում Ցաբանն անրադարձավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստին եւ, դատապարտելով Իսրայելի նման կեցվածքը, մասնավորապես, նշեց. «Մենք` հրեաներս, որպես ցեղասպանության ենթարկված ազգ, իրավունք չունենք չճանաչել ուրիշների ցեղասպանությունը: Հրեա ժողովրդի եւ Իսրայելի բարոյական պարտքն է ճանաչել ուրիշների ցեղասպանությունը: Չկան սովորական եւ առանձնահատուկ ցեղասպանություններ, չկան արտոնյալ եւ չհամեմատվող ցեղասպանություններ: Պետք է դատապարտել բոլոր ցեղասպանությունները՝ կանխելու նման դեպքերի կրկնումը»:
Ցաբանն անդրադարձավ նաեւ Իսրայելի կողմից ուրացման պատճառ ներկայացվող ազգային եւ քաղաքական շահերին եւ այս առումով շեշտեց. «Հոլոքոստի ժամանակ շատերը անտեսեցին իրենց ազգային եւ նույնիսկ կենսական նշանակության շահերը եւ փրկեցին բազում հրեաների: Նրանք նախընտրեցին խիղճը եւ չառաջնորդվեցին իրենց շահերով: Ժամանակն է, որ Իսրայելը եւս նախընտրի խիղճը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ տուրք չտալով ազգային շահերին»:
Իր խոսքի ավարտին Ցաբանը ողջունեց սրահում ներկա մեծ թվով հրեա երիտասարդներին եւ հույս հայտնեց, որ հրեա նոր սերունդը չի թույլատրի Իսրայելի ուրացման քաղաքականության շարունակությանը, այլ կպայքարի հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
Սիմպոզիումն ավարտվեց գեղարվեստական բաժնով, որի ընթացքում ելույթ ունեցան Գուսան վարդապետ Ալճանյանը, Սոսե Գրիգորյանը եւ Թել-Ավիւի «Charlotta Chorale» երգչախումբը՝ Էլի Ջեֆենի ղեկավարությամբ, ով Հոլոքոստի վերապրող է եւ իր երգչախմբի ելույթով աջակցություն հայտնեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջին:
Պատրաստեց Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը