Պուտինը եւ Աբեն իրենց ԱԳՆ-ներին հանձնարարել են ակտիվացնել աշխատանքը հաշտության պայմանագրի շուրջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իրենց արտաքին քաղաքական գերատեսչություններին հանձնարարել են ակտիվացնել աշխատանքը երկրների միջեւ հաշտության պայմանագրի շուրջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել Է Պուտինը, ապրիլի 29-ին Աբեի հետ կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել Է հաշտության պայմանագրի հարցը: «Մեր ԱԳՆ-ներին հանձնարարել ենք ակտիվացնել շփումները փոխընդունելի տարբերակներ մշակելու համար: Ընդսմին ելնում ենք երկու զուգահեռ գործընթացների՝ հաշտության պայմանագրի թեմատիկայի քննարկման եւ միաժամանակ ռուս-ճապոնական հարաբերությունների ողջ համալիրի ակտիվ առաջշարժման կարեւորությունից»,-ասել Է Ռուսաստանի նախագահը:
Նա նշել Է, որ դրան Է նպատակամղված նաեւ բանակցությունների արդյունքում ընդունված Համատեղ հայտարարությունը երկկողմ գործընկերության զարգացման մասին: