Հայկական պարը պետք է «արտահանվի» եւ մոդայիկ լինի ամբողջ աշխարհում. Պարի միջազգային խորհրդի նախագահ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարի համաշխարհային կոնգրեսը 2014 թվականին նախատեսվում է անցկացնել Երեւանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պարի միջազգային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը նշեց, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա պարային ոլորտում այդ խոշոր միջոցառումը տեղ կունենա Երեւանում:
«Այսօր Պարի միջազգայի օրը նշվում է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կողմից: Ապրիլի 29-ը խորհրդանշում է նաեւ այն, ինչ մենք արել ենք այս տարիների ընթացքում»,- ասաց Ռաֆտիսը: Նրա գնահատմամբ` աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր պարերի տեսակը, եւ կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանում բացի ազգային պարերից լայն տարածքում ունեն նաեւ միջազգային պարերը:
Անդրադառնալով ապագայի ծրագրերին` Պարի միջազգային խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ ծրագրվում է առաջիկայում «արտահանել» հայկական պարերը:
«Հայկական պարը չափազանց լավը եւ գրավիչ է միայն Հայաստանի տարածքում ներկայացված լինելու համար: Մենք հայ չլինելով հանդերձ` նույնպես ցանկանում ենք պարել ձեր պարերը, եկեք մեր երկիր ու ցույց տվեք մեզ այն»,- ընդգծեց Ռաֆտիսը: Խոսքը միայն մրցույթների եւ փառատոների մասին չէ, այլ մասնավորապես երկարաժամկետ պարային դասընթացների, որոնք կարող են իրականացնել հայկական մասնագետները արտերկրում:
«Մենք ցանկանում ենք հայկական պարը տարածել եւ մոդայիկ դարձնել ամբողջ աշխարհում, ինչպես, օրինակ, Իսպանիայում ֆլամենգոն է, Արգենտինայում` տանգոն, Կուբայում` սալսան: Ես պատկերացնում եմ, թե ինչպես կարող է քոչարին տարածում ստանալ ամբողջ աշխարհով մեկ»,- կարծիք հայտնեց Պարի միջազգային խորհրդի նախագահը:
Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը նշեց, որ Պարի համաշխարհաիյն կոնգրեսի Երեւանում անցկացումը նշանակում է, որ աշխարհի 40 երկրների շուրջ 200-ից ավելի պարագետներ, բալետմայստերներ, պարի տեսաբաններ եւ պարողներ ժամանելու են Հայաստան, ինչն իսկապես մեծ ձեռքբերում կլինի մեր երկրի համար:
2013 թվականին Պարի միջազգային կոնգրեսը անցկացվել է փետրվարին Մոսկվայում , որին մասնակցել են 16 երկրների ներկայաուցիչներ: