3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ ապրիլի 26-ին կայացել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել են սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվել հետագա անելիքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը: Խոսելով սիրիահայերին ցուցաբերած աջակցության մասին, նա մասնավորապես նշել է, որ կենտրոնում դասընթացներ են կազմակերպվել ձեռնարկատիրությամբ զբաղվելու մտադրություն ունեցող սիրիահայերի համար, նրանց ծանոթացրել են հարկային և մաքսային օրենսդրությանը: 31 ձեռնարկատիրական ծրագրերի իրագործման համար սիրիահայերին 137 միլիոն դրամի վարկ է տրամադրվել՝ յուրաքանչյուրին մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 4 տոկոսադրույքով: Զեկուցողը նշել է, որ ներկայացված 31 ծրագրից արդեն հաստատվել և ֆինանսավորվել է 18-ը: 12 ծրագիր արդեն կյանքի են կոչվել, մնացածն ընթացքի մեջ են: Վարազդատ Կարապետյանը նշել է, որ սիրիահայերի աջակցության ծրագրի ֆինանսավորումն անսահմանափակ է և շարունակական:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է այցելել այդ ձեռնարկությունները, տեսնել կատարված աշխատանքներըը, ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակցել:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության կատարած աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրել է բարեգործական, հասարակական և հոգևոր կառույցների օգնությունն ու աջակցությունը: Նա նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության կողմից սիրիահայերին հուզող հարցերին տրվել է առաջնահերթություն:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը զեկուցել է հիմնադրամի գործունեության և ծրագրերի մասին:Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ պատասխանել են հարցերին և տվել պարզաբանումներ ներկաներին հուզող խնդիրների վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումները և լսելով առաջարկությունները, Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր տարագիր հայրենակիցների համար: Արել ենք և շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ»:Նա կարևորել է Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին օգնելու գործում, որ նրանց համար հավաքված միջոցները տեղ հասնեն ժամանակին և արդյունավետ կերպով ծառայեն իրենց նպատակին: