Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա և Միջազգային հարաբերությունների ինստիտուտ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցելությամբ Մոսկվայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին այցելել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթ է ունեցել Մոսկվայում հավատարմագրված դեսպանների, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է հայ-ռուսական համագործակցության, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների, եվրոպական, ամերիկյան, ասիական, արաբական և այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին բազմաթիվ հարցերի։
Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովի հետ։ Հանդիպմանը նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել արդեն քսան տարի հայ դիվանագետներին ակադեմիայում պատրաստելու համար՝ նշելով, որ Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտներից շատերը դարձել են դեսպաններ և տարբեր երկրներում ներկայացնում են Հայաստանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Եվգենի Բաժանովը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև։
Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ երկրների դեսպանների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների բազմաթիվ հարցերի։
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՈ), ուր բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ քննարկել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և ՄԳԻՄՈ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱԳ նախարարը և ՄԳԻՄՈ-ի ռեկտորը ներկա են գտնվել բուհի հայ շրջանավարտների ակումբի շնորհանդեսին: Ողջունելով ակումբի հիմնադրման նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է վհայտնել նախաձեռնող խմբին և կարևորել նման կառույցի ստեղծումը, որը միավորելու է տարբեր տարիներին ՄԳԻՄՈ-ն ավարտած հայազգի շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ այդ կառույցը կնպաստի հայ-ռուսական կապերի առավել ամրապնդմանը:
Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Նույն օրը երեկոյան ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձել է Երևան։