ԱՄՆ պետդեպարտամենտը կրկին ընդգծել է ԼՂ հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Պատրիկ Վենթրելն ամենօրյա ճեպազրույցում: «Մարդկային կյանքի ողբերգական կորուստները հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն ունենալ չի կարող: Միայն երկարատեւ ու խաղաղ լուծումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում ու հաշտեցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենթրելը:
Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շարունակելու կողմերի հետ աշխատանքը` խաղաղության հասնելու գործում: