ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են դաշնակցային փոխհարաբերություններին առնչվող հարցեր
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Նախարարի այց Մոսկվա մեկնարկել է ապրիլի 25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ, ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Սերգեյ Լավրովը շնորհավորել է նրան Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնել, որ առաջին պաշտոնական այցելությունը կատարվում է Ռուսաստան:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ»:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել, որ ՀՀ Նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում ՌԴ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարներն անդրադարձել են առավել քան երկու հարյուր փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվել են նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը, անդրադարձել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։Գոհունակությամբ նշվել է, որ նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են:Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:Նախարարները կարևորել են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:
Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ տարածաշրջանների գերակշիռ մասը, նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Այդ համատեքստում կարևորվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի երրորդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում։
Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, որի շրջանակներում անցյալ տարի յոթ թեմատիկ ուղղություններով խորհրդատվություններ են անցկացվել։ Անդրադարձ է կատարվել այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:
Բանակցությունների օրակարգում են եղել ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը։Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել այդ կառույցների օրակարգային հարցերին։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության առավել զարգացման հարցեր:Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:Նախարարները գոհունակությամբ նշել են, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները մշտապես առանձնանում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխըմբռնմամբ և արդյունավետությամբ:Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը: