Լեւոն Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ.Ալյոխինի մրցաշար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Ալյոխինի մրցաշարի 5-րդ տուրում կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարտիանտեւեց մոտ 5 ժամ: Գրոսմայստերները 41-րդ քայլին խաղաղ ելքով ավարտեցին պարտիան: Միավոր կիսեց նաեւ Մայքլ Ադամս- Նիկիտա Վիտյուգով զույգը:
Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը հաղթեց Դինգ Լիրենին, իսկ Վլադիմիր Կրամնիկը զիջեց Լորեն Ֆրենսինին, Պետեր Սվիդլերը` Մաքսիմ Վաշե-Լագրավին:
Հաջորդ տուրը կմեկնարկի ապրիլի 28-ին Սանկտ-Պետերբուրգի ռուսական թանգարանում:
Ալյոխինի մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է, քանի որ անցկացվում է եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, եւ Փարիզում: Մրցաշարի առաջին հինգ տուրերն անցկացվում են Փարիզում, իսկ մյուս տուրերը կկայանան Սանկտ Պետերբուրգում:
Մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դինգ Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա): Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 21-ից եւ կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը: