Արցախ

Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Հայերենն իմ սրտում է» համաժողովի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Հայերենն իմ սրտում է» համաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ուղերձ է հղել Երեւանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի ուղերձում մասնավորեպս ասված է.

«Ի սրտե ողջունում եմ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովի բոլոր մասնակիցներին ու հյուրերին:

Նման միջոցառման անցկացումը համարում եմ կարեւոր ու պահանջված, եւ այդ իսկ պատճառով, ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը` նախաձեռնության իրականացման համար:

Հայ ժողովրդի գոյության եւ բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր ու անկախ ազգային պետականության առկայությունն է: Իսկ մեր անկախ պետականության հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը եւ նրա շարունակական ամրապնդումը: Այս համատեքստում հրամայական է դառնում համազգային կարեւորագույն խնդիրների շուրջ միասնական ու համակարգված քաղաքականության իրականացումը: Նման գերխնդիրներից է Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչումը, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծումը եւ սփյուռքում հայ ինքնության պահպանումը:

Ողջունելի է, որ այդ եւ դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցեր ընդգրկված են համաժողովի օրակարգում: Կրկնակի ողջունելի է, որ միջոցառումը երիտասարդական է: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս աշխատանքն ավելի երկարաժամկետ տեսլականով կազմակերպելու համար:

Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները եւ կնպաստի աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդների միջեւ կապերի ամրապնդման գործին:

Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում