Հայոց ցեղասպանության 98-ամյակի կապակցությամբ Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր կանցկացվեն
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին ապրիլի 24-ին Թուրքիայում բողոքի զանգվածային ակցիաներ կանցկացվեն: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել մի շարք հայտնի՝ այդ թվում հայ եւ թուրք գործիչներ, ովքեր աշխարհի բոլոր ազգերին կոչ են արել միավորվել եւ ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով newstatesman.com-ը, հայտարարության մեջ նշվում է, որ արդեն 98 տարի է անցել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված պլանավորված կոտարածներից, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ: Նշվում է, որ մինչ այս պահը Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում ճանաչել ցեղասպանությունը՝ այդպիսով խրախուսելով ռասիզմը եւ ատելությունը հայերի եւ մյուս՝ ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ: «Ոմանք ցանկանում են ձեւացնել, որ ցեղասպանության իրողության ճանաչումը հարձակում կլինի ամբողջ թուրք ազգի վրա, սակայն դա այդպես չէ. դա արդարության հասնելու մեծ քայլ կլինի»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության տարելիցները սկսեցին նշվել նաեւ Թուրքիայում: Թեեւ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը քիչ է, սակայն այն տարեցտարի աճում է՝ չնայած Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը:
«Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 98-ամյա տարելիցի օրը Հայաստանի, Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությունների ղեկավարներին, հակառասիստական ակտիվիստներին, մտավորականներին եւ նկարիչներին կոչ ենք անում միավորվել եւ պահանջել Թուրքիային վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա պատմական ճշմարտությունը վերականգնել ցանկացողներին միավորելու նախաձեռնություն է: Այսօր բաժանումը ոչ թե հայերի եւ թուրքերի մեջ է, այլ նրանց, ովքեր պայքարում են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, եւ նրանց, ովքեր մինչ այս պահը ժխտում են այն: Սա ոչ թե արյան, այլ գաղափարի, ոչ թե մի որեւէ ազգի, այլ ընդհանուր նպատակի պայքար է: Սա նախաձեռնություն է՝ ի նշան արդարադատության: Ժխտողականության դեմ պայքարը նպատակ է ունի կասեցնել Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործի փոխանցումը հայ ազգի մի սերնդից մյուսին: Ցեղասպանության ճանաչումը չի նշանակի պատմության այս մասի ավարտ, քանի որ երբ խոսքը գնում է ցեղասպանության մասին, այդ դեպքում ավարտի մասին խոսելն ավելորդ է, ուղղակի այն հնարավորություն կտա հայ ազգի հետագա սերունդներին միասին նայել դեպի ապագա: Սա նախաձեռնություն է նաեւ հանուն ժողովրդավարության: Ժողովրդավարությունն առաջին հերթին պահանջում է քաղաքացիական հասարակության կենսունակությունը: Եվրոպական մյուս քաղաքացիական հասարակությունների հետ կամուրջ ստեղծելու եղանակով Թուրքիայի քաղաքացիական հասարակության կենսունակության ամրապնդումը թույլ կտա ավելի արդյունավետ պայքար մղել ռասիզմի դեմ եւ կխթանի Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ նույնքան հաջող, որքան եվրոպական մյուս երկրներում:
Ի նշան համերաշխության, արդարադատության եւ ժողովրդավարության, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար մենք ապրիլի 24-ին Թուրքիայում միասին կնշենք Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը»,- նշվում է հայտարարությունում:
Հայտարարությունը համատեղ տարածել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Ալեքսի Գյովչյանը, Եվրոպական հակառասիստական ժողովրդական շարժման նախագահ Բենջանին Աբտան, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Նիկոլաս Տավիտյանը, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Այշե Գունայշուն եւ մի շարք թուրք մտավորականներ: Նրանք նշել են, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: