2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը և «Ֆլեշմոբ դիվիզիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում են «Գրքի բանկ» ծրագիրը, որի շրջանակներում հավաքագրում են գեղարվեստական և գիտահանրամատչելի գրականություն և բաժանում ՀՀ զորամասերին ու համայնքային գրադարաններին: Այս մասին ապրիլի 19-ին կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: «Նման ծրագրի իրականացումը շատ կարևոր ու արդյունավետ նախաձեռնություն է, որը «Երևանը գրքի մայրաքաղաք» տոնակատարության շարունակությունն է: Գիրք նվիրելը լավագույն միջոցն է միմյանց հանդեպ հարգանքի: Ես վստահ եմ, որ նման նախաձեռնություններ ապագայում դեռ շատ կլինեն, քանի որ մեզ համար արդեն դժվար է դուրս գալ «Երևանը գրքի մայրաքաղաք» տոնակատարության ազդեցության տակից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Սուքիասյանը:
«Ֆլեշմոբ դիվիզիա»-ի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը նույնպես, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ նախաձեռնությունն իրականացրել են անցյալ տարվանից` մեկ այլ ծրագրի շրջանակներում: «Այդ ժամանակ հավաքել ենք ավելի քան 25 հազար գիրք: Այնուհետև իրականացրել ենք «Գրքի բանկ» ծրագիրը, որի շրջանակներում հավաքել ենք 9 հազար գիրք»,-ասաց Արմեն Սուքիասյանը` ավելացնելով, որ նպատակ ունեն նման ծրագրեր իրականացնել նաև Երևանի այլ համայնքներում:
Երտասարդներն, ովքեր լսել էին ծրագրի մասին, իրենց հայեցողությամբ ընտրել էին որևէ գիրք` «Գրքի բանկ»-ին նվիրելու համար: Հավաքագրված գրքերը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կտեղափոխվեն համայնքային գրադարաններ և զորամասեր:
«Գրքի բանկ» ծրագրի առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 19-23-ը`ՀՀ մշակույթի նախարարության և Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: