Երեւանն ապրիլի 20-ին ավարտում է գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարությունները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանում ապրիլի 20-ին տեղի կունենա Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարությունների փակման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշեց, որ օրվա հետ կապված մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն: «Այդ օրը մենք ամփոփելու ենք այս մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները: Բոլոր երեւանցիներն այդ օրը ազատ մուտք կունենան Երեւանի քաղաքապետարան»,- ասաց նա:
Քաղաքապետի խորհրդականը նշեց, որ հանդիսությանը ներկա կգտնվեն գրքի մայրաքաղաք հռչակված բոլոր 12 քաղաքների դեսպաններն ու հյուպատոսները, գրողներ ու պոետներ արտերկրից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՄԱԿ-ից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ից:
Միջոցառման շրջանակներում Խնկո-Ապոր անվան գրադարանի տարածքում կբացվի Արման Դավթյանի հեղինակած «Ընթերցողի քանդակ»-ը: «Վաղը քաղաքապետարանը տոնական եւ գեղագիտական տեսք կունենա: Կլինի հայ հրատարակիչների տպագրած նոր գրքերի ցուցահանդես- վաճառք, ֆիլմի պրեմիերա: Բոլոր սրահները ծառայելու են այս կամ այն իրադարձությանը: Ժամը 23:00-ից կսկսվի գինեձոնի ժամը»,- ասաց նա: