Հրանուշ Հակոբյանը Լիտվայի հայ երիտասարդներին հորդորել է ակտիվորեն մասնակցել համահայկական ծրագրերին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիտվայի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել եմ Լիտվայի հայ համայնքին վերաբերող, Լիտվայում հայկական մշակույթը ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև այդ ծրագրերին Սփյուռքի նախարարության աջակցությանը վերաբերող հարցեր:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Սփյուռքի նախարարության ծրագրերը և հորդորել, որ Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն ունենան հատկապես համահայկական երիտասարդական ծրագրերին, ինչը նպատակ ունի խթանել մայրենի լեզվի, հայոց պատմության, մշակույթի իմացությունն ու հայ ինքնության պահպանումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սփյուռքի նախարարության հետ առավել սերտ համագործակցության արդյունքում նախարարության կողմից իրականցվող համահայկական ծրագրերում ներգրավվեն ոչ միայն Լիտվայի, այլև մերձբալթյան մյուս երկրների հայ համայնքների ներկայացուցիչները:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Արայիկ Թունյանը Հրանուշ Հակոբյանին համայնքի կողմից հրավիրել է Լիտվա՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: