Ադրբեջանի օրենքներն արդար ընտրություններ չեն երաշխավորում. վերլուծություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության «Հանուն թափանցիկ եւ արդարացի ընտրությունների» կոալիցիան Բաքվի մամուլի միջազգային կենտրոնում հանրությանը ներկայացրել է երկրում առկա նախընտրական իրադրությունը եւ ընտրական օրենսդրության մեջ եղած թերությունների վերլուծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով contact.az լրատվական կայքը, կոալիցիայի համակարգող Արզու Աբդուլլաեւան ներկաներին ասել է, որ դրանով քաղաքացիական հասարակությունը որոշել է նախագահական ընտրությունների տարում իր ներդրումը բերել Ադրբեջանում դեմոկրատական իրավիճակ ստեղծելու գործում:
«Իշխանությունները պնդում են, թե գոյություն ունեցող պայմանները երաշխավորում են դեմոկրատական ընտրությունների անցկացումը եւ չեն ցանկանում գնալ օրենսդրության փոփոխությանը: Սակայն ընդդիմության եւ ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքով` գոյություն ունեցող պայմանները ընտրությունների բոլոր սուբյեկտների` առաջին հերթին ընտրողի համար արդարացի ընտրական պայմաններ չեն ստեղծում», -միջոցառմանն ունեցած ելույթում ասել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը: Նա նաեւ հավելել է, որ ընտրական օրեսնդրության` ներկա տեսքով պահպանումն անխուսափելիորեն համընդհանուր բողոք առաջանալու պատճառ կհանդիսանա առաջիկա նախագահական ընտրություններում: Մատնանշվել են այն հիմնական իրավական խոչընդոտները եւ խախտումները, որոնք թույլ չեն տալիս ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնել Ադրբեջանում:
Կոալիցիան եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է վերանայել օրենսդրությունը եւ այն համապատասխանեցնել միջազգային իրավունքին եւ Ադրբեջանի կառավարության ստանձնած պարտավորություններին: