2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին հրաժարական տվեց: Դա ՀՀ Սահմանադրության պահանջն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաժարականի տեքստը նախագահական նստավայրում ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը իր կողմից պաշտոնն ստանձնելու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհավորեց Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրեց, որ թիմը նվիրական կատարել է նախագահի կողմից իր առջեւ դրված խնդիրները` չբացառելով, որ հաջողությունների հետ եղել են նաեւ բացթողումներ եւ սխալներ: «Ապագայի ամենակարեւոր խորհրդատուն անցյալն է. Ձեր փորձը, անցած ուղին եւ գիտելիքները, մարդկային արժանիքները հույս են ներշնչում, որ պետությունը զարգանալու է եւ ունենալու ենք նոր վերելքներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: