ՏՄՊՊՀ-ն զբաղվում է ավիատոմսերի թանկացման խնդրով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է զբաղվել ավիատոմսերի թանկացման խնդրով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի ապրիլի 8-ի նիստի ժամանակ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ՏՄՊՊՀ 2013թ.-ի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնելիս:
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ լրատվամիջոցներից, որ որոշ ավիաընկերություններում գնային փոփոխություններ են ընթանում, և արդեն առավոտյան հանձնարարել եմ զբաղվել այդ խնդրով»- հայտնեց Շաբոյանը:
Նրա խոսքով` Համաշխարահային բանկի հետ ավիացիայի խնդիրների ուսումնասիրություն են իրականացնում, որպեսզի կարողանան հստակորեն հասկանալ ավիացիայի ոլորտում առկա խնդիրները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս անդրադարձավ ավիատոմսերի թանկացման խնդրին և Արտակ Շաբոյանին առաջարկեց հնարավորության սահմաններում արագ լուծում տալ հարցին:
«Արմավիա» ավիաընկերության չվերթների կասեցումից հետո թանկացել են ավիատոմսերի գները։ Դա հաստատել են նաեւ զբոսաշրջային գործակալությունները:«Արմենպրես»-ի հետ զրույցում Sidon Travel, Nata Tour, Abuacebuc տուրիստական գործակալություններիներկայացուցիչները նշել էին, որ ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 20 հազար դրամով։ Օրինակ, Դուբայի տոմսի արժեքը նախկին 140 հազար դրամի փոխարեն այժմ 170 հազար դրամ է, Մոսկվայի ավիատոմսերի գինը 103 հազար դրամից բարձրացել է 130 հազար դրամ: Տուրիստական գործակալությունները հակված են ենթադրելու, որ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է «Արմավիա» ավիաընկերության՝ չվերթները դադարեցնելու եւ սնանկացման գործընթացով։ Զբոսաշրջային գործակալությունները չեն բացառել, որ եթե ավիաընկերություններն ավելացնեն չվերթները, հնարավոր է` գները վերադառնան նախկին մակարդակին:
«Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց:Պայմանավորվածություններ են ձեռք բերվել չվերթների ավելացման վերաբերյալ` «Ավստրիական ավիաուղիներ»-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիներ»-ը` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական «ԼՈՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում: