Երևանում կառուցվելիք հինգ նոր հյուրանոցները կնպաստեն բիզնես-տուրիզմի զարգացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մինչև տարվա վերջ կառուցվելիք հինգ նոր հյուրանոցները կլինեն ինչպես միջին դասի, այնպես էլ 5 աստղի կարգի։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, հյուրանոցային համալիրներից երեքը կկառուցվեն Կենտրոն, մեկը՝ Նորք-Մարաշ և մեկը՝ Ավան վարչական շրջաններում։ «Կառուցվելիք նոր հյուրանոցները կավելացնեն 419 հյուրանոցային համար՝ ի լրումն Երևան քաղաքի հյուրանոցային տնտեսությունում արդեն իսկ առկա 2 հազար 256 համարների»,-ասաց Մարիա Բարաղամյանը։

Ճամփորդական գործակալների միության նախագահ Սիմոն Խաչատուրյանը համոզված է, որ կառուցվելիք հյուրանոցները կնպաստեն Երևանում բիզնես-տուրիզմի զարգացմանը։ «Երևանն այսօր կարիք ունի բիզնես դասի մեծ հյուրանոցային համալիրների, որոնք կկարողանան ընդունել մի քանի հարյուր հաճախորդի։ Հաճախ Երևան ժամանած տարբեր պատվիրակություններ բողոքում են, որ չեն տեղավորվում նույն հյուրանոցում և ստիպված են լինում համարներ վարձել տարբեր հյուրանոցային հաստատություններում»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի զարգացման տեմպերն են ստիպում ունենալ մեծ և բարձր դասի հյուրանոցներ։ Նրա խոսքով՝ այսօր զբոսաշրջիկները գերադասում են տեղավորվել այնպիսի հյուրանոցային համալիրներում, որոնք ունեն հանգստի և զվարճանքի համար նախատեսված բոլոր պայմանները: Անցել են այն ժամանակները, երբ հյուրանոցը ծառայում էի միայն որպես գիշերելու վայր։

Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ Արթուր Ոսկանյանի կարծիքով, Երևանին անհրաժեշտ են ոչ թանկ, սակայն հարմարավետ, միջին դասի հյուրանոցներ։ «Որքան էլ կարևոր է հինգաստղանի հյուրանոցների առկայությունը, սակայն փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկները հիմնականում գերադասում են միջին դասի հյուրանոցներ, որոնք չեն լինի շատ թանկ, սակայն կունենան անհրաժեշտ պայմանները»,-ասաց Ոսկանյանը։

Երևանում գործում են 44 հյուրանոցներ։ Հայաստանում կներդրվի «5 աստղ» կարգը գերազանցող «5 աստղ դելյուքս» կարգը: Ներկայում տարեկան Երևան է այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ։

Հայերեն English Русский