Առնոլդ Ստեփանյանը չի բացառում վիրահայոց եկեղեցիների խնդրով հայ-վրացական նոր հանձնաժողովի ստեղծումը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը չի բացառում հայ-վրացական նոր հանձնաժողովի ստեղծումը, որը կզբաղվի Վրաստանի հայկական եկեղեցիների հարցերով:«Արմենպրես»-ի հետ զրույցում Առնոլդ Ստեփանյանը ընդգծեց, որ այժմ Վրաստանի մշակույթի նախարարությանը կից գործում է հանձնաժողով, որտեղ ընդգրկված են վրացական և հայկական կողմերի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են հայկական եկեղեցիների բարեկարգման հարցերով: Առնոլդ Ստեփանյանը եւս այդ հանձնաժողովի անդամ է:«Այժմ Սուրբ Նորաշեն եկեղեցում, որտեղ գրադարան է եղել, մաքրման աշխատանքներ են ընթանում: Բազմաթիվ գրքեր են դուրս բերվել, որոնք դեռ չգիտենք ում տալ, դիմել ենք արդեն գիտությունների ակադեմիա: Սուրբ Մինաս եկեղեցու հետ խնդիրն ավելի լուրջ է»,-ասաց Ստեփանյանը՝ շեշտելով, որ բնակիչներից մեկը նկուղ է փորել եկեղեցու մեջ և սեփականաշնորհել:Ստեփանյանը բողոքել է համապատասխան մարմիններին, սակայն ասվել է, որ սեփականաշնորհումը կատարվել է համաձայն օրենքի:«Ես հանդիպում եմ պահանջել դատախազի հետ, մեկ անգամ արդեն հանդիպել եմ, մոտ օրերս դարձյալ հանդիպելու եմ, և եթե հարցը չլուծվի, ապա հանձնաժողովում ժողով եմ հրավիրելու»,-ասաց Ստեփանյանը:
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որով այդ երկրի 5 կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն, տրվել է իրավաբանական անձի կարգավիճակ: Կարգավիճակ են ստացել նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մահմեդական եւ հրեական համայնքների, Բապտիստական եկեղեցիները: Վիրահայոց թեմը կարգավիճակ ստանալուց հետո կարող է տնօրինել թեմի հայկական եկեղեցիները, որոնք, սակայն, դեռեւս չեն հանձնվել թեմին:Հայ-վրացական բազմաթիվ, այդ թվում` բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում վրացական կողմը հավաստիացնում է, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն պետք է դրսեւորվի, մինչեւ դրանք կվերադարձվեն Հայոց թեմին: