Ալեքսանդր Տարխանովը Յուրա Մովսիսյանին հեռանկարային ֆուտբոլիստ է համարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռուս մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, մեկնաբանելով Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Սպարտակ» - «Կուբան» հանդիպումը (2-2), հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի ու մայրաքաղաքային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի մոտ դեռ ամեն ինչ առջևում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sovsport.ru-ն, նա նշել է, որ բոլորն են տեսել, թե ինչպիսի հիանալի հանդիպում է անցկացրել Մովսիսյանը Գրոզնիի «Թերեք»-ի դեմ դեբյուտային խաղում:
«Մենք տեսանք Մովսիսյանի փայլուն նորամուտը «Թերեքի» դեմ առաջին խաղում, և հաջորդած երկու հանդիպումներն առանց խփած գոլի դեռ չեն նշանակում, որ պետք է հետ վերցնել հայազգի հարձակվողի հասցեին հնչած գովասանքի խոսքերը: Ամեն ինչ դեռ առջևում է»,- ասել է ԲԿՄԱ-ի ու ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում իր դեբյուտային խաղում հեթթրիկի հեղնիակ էր դարձել՝ 3 անգամ գրավելով Գրոզնիի «Թերեք»-ի դարպասը: Դրան հաջորդած երկու խաղերում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ: Չնայած դրան՝ Յուրա Մովսիսյանը 12 գոլով շարունակում է գլխավորել Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուների ցուցակը: